2023 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ԱԿԱՆԱՏԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ

«Վերջին թէյախմութիւնն էր կազմակերպել մեր բակի մեծ ու փոքրին համախմբող , հոգատար ու բարի Մարիամը …» Լուսանկարը՝ Նարինե Այդինյանի (մրցանակակիր մասնակից մրցոյթի «լուսանկար» անուանակարգում)

«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի (https://amrots.foundation/) «Ծիլ» երիտասարդ հեղինակների աջակցութեան ծրագրի նպատակն է բացայայտել այն ստեղծագործ երիտասարդներին, ում աշխատանքներն առնչւում են ազգային արժէքներին ու ինքնութեանը: «Ծիլ» Ծրագրի (https://germ.am/) շրջանակներում անցկացւում են ամենամեայ գրական ստեղծագործական մրցոյթներ:

2024 թուականի մրցոյթի թեման էր «2023 թ. սեպտեմբերն Արցախում. ականատեսի աչքերով»:

Այս համարում մեր ընթերցողներին կը ներկայացնենք մրցոյթի «ակնարկ/իրաւապատում» անուանակարգում խրախուսական մրցանակ ստացած՝ 19-ամեայ Վիկա Աբգարյանի գրութիւնը:

Խմբ.

* * *

Ես չեմ նեղանում սեպտեմբերից ես նեղանում եմ ինձնից, քեզնից, նրանցից ու Արցախից ու ականատես եղած մեր փորձութիւններից:

Սեպտեմբերն էր. յոգնած մարդիկ, հիասթափուած կեանքից, հերթերից ու կէս հացի համար գիշերները անքուն մնալուց, մի կեանքից, որը օրեցօր մեզ կանգնեցնում էր հարցի առջև. եթէ վերջանայ ուտելիքի պաշարները՝ 1կգ մակարոնը, եգիպտացորենի հատիկներով ու խոզի համար նախատեսուած թեփով պատրաստուած հացը, ինչպէս պէտք է մարդիկ պահպանէին իրենց գոյութիւնը:

Արցախում շուտ ցրտեց, մեր դժուար բախտից էր երևի. չկար ջեռուցում, լոյսը 12 ժամեայ գրաֆիկով անջատում էին։ Ինչ անէինք ցրտին մի կերպ դիմանում էինք մի օրով, որ յաջորդը, երևի, կը նախորդանայ։

Ծննդեանս օրն էր: Հայրիկիս զանգեցին, որ սահմանային լարուածութիւն ու կուտակումներ կան շտապ պէտք է ներկայանալ։

Հայրս կանգնեց իմ դիմաց ու ասաց, որ ներեմ նրան, քանի որ չի կարողանալու այդ օրը ինձ շնորհաւորել և գնաց։ Մայրս եկաւ ու տուեց ինձ հայրիկիս նուէրը, որը պէտք էր հայրս տար, սակայն զինուորական էր ու նուիրուած  ծառայում  էր հայրենիքին:

Յաջորդ օրը ասում էին, որ հանդարտ է ամէն ինչ, հայրս եկաւ, բայց ոչինչ չասաց, նրանից ինչ որ բան իմանալը անհնար էր. պահում էր  ռազմական ամէն մի գաղտնիքը:

– Դէ եթէ պապան եկալա, ուրեմն լաւա լի,- այսպէս էինք մտածում։

Երեքշաբթի օրն էր սեպտեմբերի 19-ը՝  ես երազում պատերազմ էի տեսել, բայց չէի հաւատում, որ մի փոքրիկ Ստեփանակերտի համար կրկին կ’ապրենք պատերազմական օրերի սթրեսի շղթան։

Գնացինք դասի, մայրս առաւօտը 6 անց կէս էր տնից դուրս գալի, որ ոտքով կարողանայ հասնել դպրոց՝ չուշանալու համար. տրանսպորտ չկար մեր աղքատ, բայց յարմար քաղաքում։

Դասի էինք, յանկարծ հայրս զանգեց, զարմացայ, որովհետև նա ինձ դասերի ժամանակ չի զանգում եթէ կարևոր ասելիք չի լինում, անմիջապէս դուրս եկայ։ Հայրս ասաց՝ ամէն ինչ թողնենք ու գնանք տուն։

Չգիտէի՝ ինչ անէի, ինչպէս երեխաներին ասէի, որ խուճապ չառաջանար։ Որոշեցի սպասել ու սկսեցի հետևել  լրահոսին։ Նորութիւնները բացակայում էին։

Քաղաքի ամայացած լռութեան մէջ պայթուն լսուեց: Իրար յետևից պայթունի ձայներն, հեռախօսիս զանգերն ու հաղորդագրութիւններն փաստեցին, այն ինչ մի ժամանակ արդէն փաստել էին:

Մարդիկ խուճապահար սկսեցին լացել, նկուղներ մտնել ու վերապրել անցածը: Չցանկացայ նորից մտնել նկուղ, ախր հազիւ էինք յարմարուել, հազիւ էի մոռացել 44-օրեայի նկուղային օրերը: Յիշում եմ այդ ժամանակ կանգնեցի նկուղի առջև ու  սկսեցի  նայել երկնքին, իսկ հրետանին ու տագնապի ազդաշնանն միացուած էին:

Ես վազելով ու դողալով հասայ տուն, սակայն տանը ոչ ոք չկար: Մայրս անհասանելի էր, եղբայրս չէր վերցնում հեռախօսը, միայն տատիկս ու մի անգամ հայրս են զանգել իմանալու համար ողջ եմ թէ՝ ոչ: Եղբօրս սկսեցի զանգել սոցցանցերով նա պատասխանեց ու ասաց՝ չլացեմ, ապահով տեղում է: Խաբեց: Պայթունի ու տագնապի ազդանշանները պարզ լսւում էին: Նկուղում էր  նաև մեր հարևանը, ծով հանգստութիւն կար նրա ներսում, այդ պահին նա եղբօրս ասաց, թէ որտեղ մնայ մինչև պայթուների ձայներն մի քիչ հանդարտուեն:

Հանդարտուեց: Մայրս ու եղբայրս եկան տուն: Այդ պահին նորից սկսուեց տագնապը ու վերածնուածներս նորից գնացինք նկուղ: Ամբողջ գիշերը տագնապը միացուած էր ու ձայները չէին դադարում:

Առաւօտեան ասացին, որ հրադադար է, հրադադար է, սակայն ինչ հրադադարի մասին է խօսքը, եթէ մարդիկ խուճապահար գնում էին դէպի օդանաւակայան սեփական կեանքը փրկելու համար: Այդ ժամանակ այնպիսի մի խուճապ էր տարածուել, որ ադրբեջանական զօրքերը մտել են քաղաք և բոլորիս սպանելու են:

Հայրս տանը չէր: Մենք էինք, մօրաքոյրս ու նրա երեխաները: Նրա ամուսինն էլ էր զինուորական: Թաղամասում մնացինք մենակ:

Սուտ էր թէ ճիշտ մինչ օրս չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ մեր տնից մենք տեսնում էինք, թէ ինչպէս էին ադրբեջանցիները կրակ վառում ու միգուցէ մեզանով ծիծաղում, որ մոմ էինք վառում, փայտէ վառարանի վրայ էինք ճաշ պատրաստում ու չէինք քնում. վախենում էինք:

Հայրս եկաւ  ու ասաց, որ վերջ: Վերջ: Յիշեցի ֆիլմից այն հատուածը, որտեղ բարձրաձայն ու լացակումաց ասում է ՎԵՐՋ: Գլխարկը հանեց, նստեց ու նորից ասաց, որ վերջ: Հաւաքուէ՛ք ու մի լացէք այս անգամ էլ թշնամու պայթունը կողքովս անցաւ, բայց ողջ մնացի: Վերջին տողը ասաց, որպէսզի չլացենք: Ես ու մայրս սկսեցինք հաւաքուել: Դրսում նստած որոշեցին, որ  յաջորդ օրը առաւօտեան մենք պէտք է լքենք Արցախը: Երանի չլսէի, երանի խլացած լինէի ու չտեսնէի այս խայտառակ պարտութիւնը:

Սեպտեմբերի 25-ին ժամը հինգին, մենք դարձանք անհայրենիք, անտուն մարդիկ: Ովքեր միայն գնում էին, սակայն չունէին տեղ մնալու, չունէին հարազատ դիմաւորելու:

Երկար ճանապարհ անցանք. երկու օր շարունակ ճանապարհին էինք: Անձրևը չէր հանդարտւում, փոքրիկ մանկան նման լացում էր ու չէր ուզում մեզ բաց թողնել, իսկ մենք դաժան մօր նման անտեսում էինք նրա ողբը և շարունակում էինք առաջ գնալ, թեկուզ լացելով: Անցակէտն էր, թուրքերը մեզ ստուգում էին յետոյ բաց թողնում: Առանց հարցնելու մտնում էին մեքենայի մէջ, հաշւում, թէ քանի հոգի ենք, յետոյ նոր ասում գնացեք: Փառաբանում էին իրենց առաջնորդին, որ կարողացել է մեզ տեղահանել, ու ծաղրում էին մեր առաջնորդին:

Ես երկրորդ անգամ հեռացայ հայրենիքից այս անգամ ինձ հետ բերելով մի բուռ հող ու մի շիշ ջուր, որը կը պահեմ սրտիս թանգարանում:

Միգուցէ մի օր ես յարմարուեմ նոր կեանքին, բայց տատիկս ու պապիկս երբեք չեն յարմարուելու: Նրանց միտքը, սիրտը տենչում է դէպի իրենց տունն ու հայրենիքը: Նրանց ակնոցները անգամ հրաժարւում են տեսնել այլ սրբութիւններ, միայն տեսնում են Արցախը իր սրբութիւններով հանդերձ:

Ասում են հայրենիքից դուրս մարդիկ նոյնպէս կա-րողանում են ստեղծել, իրենց գոյութեամբ որևէ չկրկնուող բան անել տուեալ հանրութեան համար։

Հայրենի  հողից դուրս, հայրենի հողից ու ջրից հեռու, որտեղ թւում է `սարերը քեզ իրենց գիրկն են առել ու օրօրում են յիշողութիւններում, սակայն դու գտնւում ես հեռու ու աշխատում ես ոչ այդ ամէնը տեսնելով։

Իմ հայրենիքում անհնար էր նայել մի կէտի ու լուռ անցնել, այնտեղ անգամ երկինքն էր խօսում՝ երիտասարդ տղաների անունից։ Այնտեղ, որտեղ երկինքը միշտ  գեղեցիկ է մեր տղաներն են իրենց հոգով գեղեցկացնում:

Վիկա ԱԲԳԱՐՅԱՆ

 

2024-05-13T17:58:09+02:00 13.05.24|ARMÉNIE & ARTSAKH, GÉNÉRAL|