2023 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ԱԿԱՆԱՏԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ*

«Լաչինի միջանցք 27.09.2023» Լուսանկարը՝ Իռեն Մելքումեանի (առաջին մրցանակակիր մրցոյթի «լուսանկար» անուանակարգում)

Արփինէ ՅԱԿՈԲԵԱՆ

                  Ասում են՝ իբրև խարոյկի վրայ

                   Ջահել ըմբոստի մի սիրտ են այրել,

                   Ասում են իբրև մոխիրը նրա

                   Խարոյկից  հանել ու մօրն են տարել,

                   Մայրը լացել է այդ մոխրի վրայ,

                  Ու երբ արցունքն է ընկել այն մոխրին,

                 Կենդանացել է զաւակը նրա…

                                                                   (Յովհաննէս Շիրազ)

 

Մենք բերել ենք մեզ հետ միայն մոխիր, հող ու ջուր, կը կենդանացնե՞ս զաւակիդ, Մա՛յր Հայաստան։

Աշխարհի ամենադաժան ցաւը հարազատի կորուստն է, իսկ եթէ աւելի մասնաւորենք, մօր ու զաւակի բաժանումը, երբ մայրն է ճանապարհում իր մի մասնիկին։ Չեմ կարողանում պատկերացնել ցաւիդ չափաքանակը, Մա՛յր հայրենիք, երևի դու էլ իմը. դու որդի ես կորցրել, իսկ ես չգիտեմ անգամ ինչպէս կոչել՝ մա՞յր, հա՞յր, թէ՞ պապ։

Սև հագար, սևսի՛րտ մարէ, հինաւուրց տոհմիկ մի ազգ չմեռաւ, այլ, մահուան չափ տառապելով, գաղթական դարձաւ։ Գաղթը դարձաւ մեր Գողգոթան, մայր հայրենիք մտնելը՝ յարութիւնը։ Աստուած վերակենդանացրեց մեզ իր օրինակով, սակայն ի տարբերութիւն նրա՝ մենք ֆիզիկապէս ենք ներկայ, իսկ հոգեպէս մնացել ենք անցեալում։

Ա՜խ, իմ հեռաւո՛ր հայրենիք, ինչո՞ւ մեր փոխարէն աշխարհը որոշեց մեր ճակատագիրը, ինչո՞ւ ստիպեց ինձ սովորել ատել, այն էլ հենց իրեն, ինչո՞ւ փակեց աչքերն ու կոյր ձևացաւ, որ մեր ցաւը չտեսնի, փակեց ականջներն ու խուլ ձևացաւ, որ մեր կոչերն ու աղեկէզ լացը չլսի, փակեց բերանն ու, համր ձևանալով, թոյլ տուեց, որ մի ողջ ժողովուրդ, թրի տակով անցնելով, մազապուրծ փրկուի, սակայն յետոյ գերադասի մեռնելը։ Հարցերս հռետորականի են նմանւում, որովհետև երկուսս էլ գիտակցում ենք, որ ուժեղի մօտ միշտ էլ թոյլն է մեղաւոր։

2023 թուական, աշուն, սեպտեմբերի 19, ժամը 13։10։ Սա այն ժամն է, որը կեանքում երբևէ մոռանալ չեմ կարող։ Ես ականատեսը եղայ հերթական մի սարսափելի իրականութեան, որը ոչ մի հասակակցիս չէի ցանկանայ։ Երբ ընկերներդ կողքիդ են, ամենածանր իրավիճակները թեթևանում են։ Մենք գտնւում էինք շրջափակման դժնդակ պայմաններում, բայց չէինք ուզում յանձնուել, այլ սովի դէմ պայքարելու միջոցներ էինք փնտռում։ Վրայ է հասնում անագորոյն արգելքը. սկսւում է արկերի տեղատարափը։ Իրար են խառնւում մեր բոլոր յոյզերը, մտքերն ու զգացմունքները։ Կեանքի ու մահուան սահմանին կանգնած մենք աղօթում էինք միայն փրկուելու համար։ Դա այն պահն է, երբ հասկանում ես, որ այս կեանքում ոչինչ մնայուն չի լինում, միայն պիտի անցողիկ վայրկեանները ըստ արժանւոյն օգտա-գործել։ Մենք դատարկաձեռն մուտք ենք գործում այս աշխարհ ու նոյն կերպ էլ հեռանում՝ թողնելով միայն յիշողութիւններ։

Նկուղային պայմաններում՝ այդ խաւարի ու խոնաւութեան մէջ, մեզ ապրեցնում էր լոկ ապրելու յոյսը։ Մեծ ու մանուկ սոված էին, անօգնական ու սարսափած։ Մենք հաշւում էինք պայթիւնների քանակը և ամէն նորի հետ մեռնում ու վերակենդանանում։ Ծանր է, երբ զգում ես, որ կեանքդ նորից է շրջադարձ կատարում, զգում ես, որ էլ երբեք չես կարող առաջուանը լինել։ Դաժան էր յատկապէս պատերազմի վերջը, երբ արկերը սաւառնում էին մեր գլխավերևում, իսկ ես վախից չէի կարողանում բարձրանալ գետնից։ Աւարտից յետոյ սկսուեց հերթական ծանր դրաման՝ մեծ գաղթը։ Ճանապարհ էր ընկել մի ժողովուրդ, որը միշտ երազում էր իր հայրենիքում գոնէ մի օր խաղաղ ապրել։ Այդ կարճ ճանապարհն անցնելու համար օրեր պահանջուեցին։ Մայրերն աղաղակելով սնունդ ու ջուր էին խնդրում, որ սովամահ չլինեն իրենց զաւակները։ Ապագայ պանդուխտները տանում էին իրենց ամենաթանկ իրերը, որոնք կը յիշեցնեն այն կորսեալ դրախտի մասին, որն անգամ իսկական դրախտում չեն տեսնի։ Շատերը վայրագ թշնամուց փրկելու համար հարազատների աճիւններն էին տեղափոխում։ Երանի ես էլ, ինչպէս Սարեանն էր ասում, մեր տան պատից մի քար բերէի, նստէի վրան ու պատմէի անտուն կեանքիս հեքիաթը նրան։ Տեսարանները մէկը մէկից սարսափելի էին։ Մենք մազապուրծ լքեցինք հեքիաթային Արցախը։

Կանգնի՛ր, իմ կոտրուա՛ծ Արցախ, աղերսում եմ։ Ես չեմ ուզում, որ ոսոխն այս կերպ ապացուցի, որ երկաթն ու մագնիսը կարելի է բաժանել։ Իմ կարօտախտի դարմանը դու ես։ Ես չեմ ուզում յաւերժ մնալ անտուն, անհայրենիք, անտէր ու գաղթական պիտակների տակ։ Փրկիր ինձ, իմ սո՛ւրբ հայրենիք, ես իմ անցեալն եմ ուզում։

Ո՜վ հայեր համայն աշխարհի, 17 տարեկան պարմանուհին արդէն հասցրել է ճաշակել բիրտ աշխարհի դառը համերը, սարսռազդու պատերազմն ու իր ծանրագոյն հետևանքները, հայրենիքի կորուստը, նոր դարի Տեր Զօրն ու օտար վայրերում տնանկ թափառելը։ Կեանքը ընծայ է՝ տրուած երկնքից, լի գլուխկոտրուկներով, որոնք չյաղթահարելու դէպքում կը պարտուես նաև կեանքում։ Անհնարին ոչինչ չի լինում, եթէ կայ կամք, գիտակցութիւն ու հաւատ։

Մարդի՛կ, եթէ ձեր առջև ծառացած խնդիրը չի լուծւում, մի՛ յանձնուէք, շատերը չընկրկեցին անգամ թշնամու բազմահազար զինուժի առաջ։ Եթէ ձեր տան կահաւորումը չէք հաւանում, մի՛ դժգոհէք, շատ շատերն իրենց անշուք պատերն են ուզում։ Եթէ կարօտում էք ինչ-որ մէկին, որ հեռու է ձեզնից, մի՛ արտահայտուէք, շատերը լուռ իրենց հարազատների շիրիմներն են կարօտում։ Եթէ պնդում էք, որ աշխարհն արդէն հասնում է զարգացուածութեան գագաթնակէտին, մի՛ շարունակէք, այս յետամնաց աշխարհը 120000 հայի դարձրել է իր պարապ վախտի խաղալիքը։

Այս ամէնից յետոյ, երբ թւում է վիրաւոր թռչնակը պիտի վերջապէս տապալուի գետնին, նա նոր թափ է ուզում առնել, ուզում է կրկին ազատօրէն ճախրել ու վերևից նայել այս կեղծ աշխարհին, որը սակայն այնտեղից այնքա՜ն մաքուր է երևում։

Անհաւատալի է, բայց այո՛, ես դեռ ոյժ ունեմ պայքարելու, քանզի իմ  Արցախը մեն-միայնակ ինձ է սպասում։ Ես ուզում եմ վրէժ լուծել այս պիղծ աշխարհից, իմ տուն ու հայրենիք վերադառնալ եմ տենչում։ Ես պիտի բարձրանամ մեր սէգ սարերը ու այնտեղից խրոխտ արտասանեմ այս՝ դեռևս թղթի վրա գրուած տողերը. «Իմ սէ՛ր Արցախ, դու կրկին իմն ես, քո զաւակներն այսուհետ էլ որբ չեն․ նրանք իրենց ծնողի տաքուկ գիրկ են վերադարձել»։

Ես հաւատում եմ` ամենամութ ժամը արևածագից առաջ է լինում…

————————

(*) Հրազդան քաղաքում ապրող 17-ամեայ Արփինէ Յակոբեանի սոյն ստեղծագործութիւնը 3-րդ մրցանակի է արժանացել  «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի «Ծիլ» երիտասարդ հեղինակների 2024 թ․ ստեղծագործա-կան Մրցույթի «ակնարկ/իրապատում» անուանակարգում:

«Ծիլ» ծրագրի նպատակն է բացայայտել այն ստեղծագործ երիտասարդներին, ում աշխատանքներն առնչւում են ազգային արժեքներին ու ինքնութեանը: Ծրագրի շրջա-նակներում անցկացւում են ամենամեայ Ստեղծագոր-ծական մրցոյթներ:

2024 թ․ մրցոյթի թեման էր «2023 թ. սեպտեմբերն Արցախում. ականատեսի աչքերով»:

«Ամրոց» Հիմնադրամ` https://amrots.foundation/
«Ծիլ» Ծրագիր` https://germ.am/

2024-07-23T19:35:34+02:00 23.07.24|ARMÉNIE & ARTSAKH, GÉNÉRAL|