2023 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ԱԿԱՆԱՏԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ*

Լուսանկարը՝ Իռեն Մելքումեանի

Նանէ ԲԱԲԱՅԱՆ

Իսկ ուր է իրական լուսաբացը…

Սա պատմութիւն է ցաւի մասին: Բայց ոչ թէ սեփական հողը սանտիմետրերով լքող մարդկանց, այլ նրանց յենարան դարձած մի սերնդի, որ դեռ չափահասութեան շեմը չհատած պատերազմի զաւակ է կնքուել: Սա պատմութիւն է բեռներ կրող, հաց ու ջուր բաժանող, արցունքը զսպելով ուրիշի աչքերը մաքրող մի սերդի մասին, որ սպառուեց ու ջախջախուեց հոգեպէս, որ խարանուեց գաղթի ճամփին ծուարած ժողովրդի ցաւը կիսելու ճանապարհին… Եթէ ձեզ կը թուայ, թէ այս պատմութիւնը միայն կորստի մասին է, ապա յիշէք. Այս պատմութիւնը յամառ ու անկոտրուն ոգու մասին է, որ կորստի ցաւից է ծնուել…

25.09.2023, 4։30, Կոռնիձոր

– Ինչո՞ւ ես աստեղ:

– Պէտք եմ ձեզ, հայրենիքին եմ պէտք:

– Բայց բոլորը չէ, որ գալիս են, դու էլ կարող էիր չգալ… քանի՞ տարեկան ես:

– Բայց ես ուզում էի գալ… շուտով 18…

Լուսանում էր: Նստած էի վրանի դիմաց: Աչքերս արդէն 1 ժամից աւել էր, ինչ փակ էին, բայց դեռ զգում էի իրականութիւնը:

– Ինչի՞ ես էստեղ նստել, – թիկունքումս լսեցի ընկերոջս ձայնը:

– Մտածեցի՝ չեմ կարողանայ հանգիստ նստել ու մի քանի րոպէից ինքնաբերաբար վեր կը կենամ՝ մէկին օգնելու, բայց փաստօրէն թերագնահատում էի սառնասրտութեան ջիղս: Արդէն մի ժամ կը լինի՝ ոտքերս չեմ կարողանում շարժել ու վեր կենալ․․․

Լռություն էր․․․ Ընդհատեցի այն, որ ընկերս իրեն վատ չզգայ․

– Դու տեսե՞լ ես աշխարհի ամենասիրուն լուսաբացը:

– Չգիտեմ, ես սովորաբար անտարբեր եմ եղել լուսաբացների հանդէպ։

– Երևի ճիշտ ես եղել… Տես, -հայեացքս յառեցի դէպի արթնացող արևը, որ գաղթական շարասեան պէս անշտապ լքում էր հայրենի տունը… – աւարտական երեկոյիս գնացինք լուսաբացը դիմաւորելու ու այնտեղ հասկացայ, որ կեանքը հրաշալի է, իսկ այս մէկը կարողացաւ ինձ հակառակը համոզել…

– Չե՞ս կարծում, որ ոչինչ չես կարող փոխել ուղղակի մտածելով: Արդէն երրորդ օրն անընդմէջ չես քնել, գոնէ թող որ ուղեղդ քնի:

– Եթէ ուղեղս քնած չլինէր, ես արդէն խելագար կը լինէի, ինչպէս և դու:

– Էդ դէպքում ինչի՞ են աչքերդ լցուած:

– Սիրտս է արթուն… Դու գիտես՝ սա ինչ է: Մի ժամանակ դու էլ սրա միջով ես անցել, մի ձևացրու, թէ ոչինչ չես զգում:

Լռեց… ոչինչ չասաց: Կարիք էլ չկար: Թևին դաջուած «Տատիկ-Պապիկն» ու սրտում դաջուած ափսոսանքն արդէն աչքերում սևագրել էին. «Զգում եմ…»

Նորից ընդհատեցի լռութիւնը, այս անգամ արդէն լռել չկարողանալու պատճառով․

– Անընդհատ ընկերներս են զանգում, ասում են, որ հպարտ են, որ կողքիս են, որ, որ, որ… գիտե՞ս՝ ինչ եմ զգում հիմա… ոչինչ, էլ ոչինչ չեմ կարողանում զգալ: Մարդիկ գոռում են, լաց լինում, երբեմն մեռնում հենց աչքիս առաջ, իսկ ես օրերս եմ քարշ տալիս` մարդկանց ջուր ու սէր բաժանելով: Ինձ ասում են, իբր ուժեղ եմ, հերոսի տեղ են դնում, իսկ ես ամեն օր մեռնում եմ դատարկութեան զգացումից: Խառնել եմ գիշերն ու ցերեկը, էլ չեմ նայում ժամացոյցին, որովհետև խորապէս թքած ունեմ՝ քանի օր է արդէն նոյն հագուստով ու անքուն, նոյն միջավայրում եմ, որտեղ միայն տարբերւում են դէմքերն ու պատմութիւնները, բայց ոչ ցաւն ու կորուստը: Մի քանի օրից սա կ՚աւարտուի, ու կը թուայ, թէ կեանքն էլի առաջուանն է, բայց այն աւելի կը ծանրանայ: Այն բեռ կը դառնայ, կը մնան միայն աչքերը այն երեխաների, որոնք խաղալիքների փոխարէն ապագան են բերել տնից, կը մնան աջ ու ձախ թափուած իրերը, արևի տակ ցամաքող արցունքներն ու ցրտից սառած սրտերը, կը մնայ սէրը, որ ծնուեց անտառների խորքերում ու բեռնատարների կցորդներում․․․ և կը մնայ ատելութիւնը, որ ծնուեց փրկութեան անվերջ թուացող հերթի ու սեփական բակում նստած թեյ խմելու հաճոյքից զրկուելու գիտակցման արանքում:

– Ես, դու ու միւսներն էստեղ եկանք կիսելու բեռը տանջուող ժողովրդի: Ես, դու ու միւսները եկանք՝ գիտակցելով, որ ստորագրում ենք կիսատութեան պայմանագրի տակ: Մի կողմում մենք ենք, միւսում՝ մեր հայրենակիցները: Մենք պիտի տանք նրանց, ինչ կարող ենք, նրանք մեզ՝ կարևոր զգալու հնարաւորութիւն: Երկուսս էլ լաւ գիտենք, որ այստեղից կիսատ ենք տուն գնալու:

– Կամ էլ հենց սա է մեր տունը արդէն…

Ահա այսպէս ապրեց մի սերունդ՝ 7 օր շարունակ, իմ ու ընկերներիս պէս շատերը, որոնց դուք անուանում եք հերոսներ… Բայց նրանցից ամէնքը տարբեր են․

նոյնն է ցաւը, տարբեր՝ հետքերը դրանց թողած: Սառած սրտերով ջերմացնող սերունդ: Սառած սրտերին ջերմացնող սերունդ… Կամաւոր ապրումակցողների այս սերունդը նոյնն է, ինչ գաղթի համին յանգած ժողովուրդը, որոնց սրտերը սառեցին տան դուռը կողպելիս ու ջերմացան տաք թեյ բաժանող երիտասարդների հողոտ ձեռքերից, ապա նորից սառեցին՝ հերթերի մէջ հիւր եկած յիշողութիւններից: Սրտերի հետ սառեցին աչքերը՝ տան ճանապարհին, ու թեյով լի բաժակները, որ այլևս ի զօրու չէին տաքացնել սառը խօսքերը: Կեանքը կանգ կ՚առնի հենց այստեղ՝ մեր աչքի առաջ կանգնող սրտերի հետ հաւասար ու մեր սրտերը կը քարանան, և օր օրի աւելի շատ կը զգանք, որ համազգեստի հետ մեր սրտերը յանձնեցինք: Ու կը մնայ ապրել միայն յիշելով ժպիտները կոնֆետներ խժռող երեխաների ու ձեռքերդ համբուրող տատիկների…Երանի անվերջ մնայինք այս համազգեստի մէջ, որ այդպէս էլ ժամանակ չլինէր իրականութեան աչքերին նայելու: Կ՚անցնի թմբիրը, ու կը հասկանանք՝ ինչի միջով անցանք…

Անցաւ երկու օր։ Տարեդարձս էր… Ընկերներիս հետ այգի էինք գնում։ Կանգ առա թատրոնի շէնքի դիմաց, որտեղ հագել էինք Կարմիր Խաչի համազգեստն ու դիմաւորել ութսուն հազար հայրենակցի… դատարկ էր… այն շէնքը, որտեղ ապրեցի մի ողջ կեանք, տեսայ լաւագոյնն ու վատագոյնը, լաց եղայ ու ժպտացի երբևէ ամենաանկեղծն ու լիաթոքը, գտայ ու կորցրեցի, սիրեցի ու ատեցի կեանքը… այդ շէնքը դատարկ էր՝ սրտիս պէս․․․
Շնորհաւոր երբևէ ամենաանյաջող տարեդարձ… բարի գալուստ անխաղաղ 18…

———————–

(*) Գորիս քաղաքում ապրող Նանէ Բաբայանի սոյն ստեղծագործութիւնը առաջին մրցանակի է արժանացել  «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի «Ծիլ» երիտասարդ հեղինակների 2024 թ․ ստեղծագործական Մրցոյթի «ակնարկ/իրապատում» անուանա-կարգում:

«Ծիլ» ծրագրի նպատակն է բացայայտել այն ստեղծագործ երիտասարդներին, ում աշխատանքներն առնչւում են ազգային արժեքներին ու ինքնութեանը: Ծրագրի շրջանակներում անցկացւում են ամենամեայ Ստեղծագործական մրցոյթներ:

2024 թ․ մրցոյթի թեման էր «2023 թ. սեպտեմբերն Արցախում. ականատեսի աչքերով»:

«Ամրոց» Հիմնադրամ` https://amrots.foundation/
«Ծիլ» Ծրագիր` https://germ.am/


2024-09-10T00:03:39+02:00 10.09.24|ARMÉNIE & ARTSAKH, GÉNÉRAL|