Տիրուհի ԳԱԼՍՏՅԱՆ
2020 թուականին, երբ ամբողջ աշխարհը յայտնուել էր քովիդի համավարակի ճիրաններում, մարդիկ փորձում էին ելքերգտնել՝ յարմարուելու անսովոր ու քաոսային իրականութեանը։ Այդ բարդ ժամանակաշրջանում մասնագիտութեամբ բանասէր, կենսաթոշակառու Լենա Գալստյանը բացայայտեց իր ներսում մինչ այդ թաքնուած մի աշխարհ՝ նկարչութիւնը։ Եւ վրձնի ու կտաւի հետ երբևէ չառընչուած կինը սկսեց ստեղծա-գործել։
Առաջին կտաւի վրայ սարեանական գոյներն էին, յաջորդիւ արդէն՝ նուրբ ու գունեղ բնապատկերներ, որոնցում սոսկ բնութիւն չէր, այլև մի ողջ ներաշխարհ՝ երկար տարիներ լռութեամբ պահպանուած զգաց-մունքներ ու յոյզեր, ապագայի տեսլական։
*****
Տիկին Գալստյան, արուեստի հետ որևէ կապ ունեցե՞լ էք երիտասարդ տարիքում։
Իհարկէ՛, ունեցել եմ, արուեստն իմ գեներում է, թէպետ իմ պարագայում այն, չգիտես ինչու, խորը թաքնուել էր (հեղ․ – ժպտում է)։ Իմ հայրական ու մայրական կողմում եղել են յայտնի նկարիչներ, մօրս կողմից՝ Էդուարդ Արծրունյանը և հայրական կողմից՝ Սամվել Գալստյանը։ Մեր ընտանիքում արուեստը միշտ իր ուրոյն տեղում է եղել, ինքս էլ միշտ տարուած եմ եղել դրանով։ Երազում էի դերասանուհի դառնալ, սակայն տարբեր պատճառ-ներով պայմանաւորուած՝ չստացուեց։
Ինչո՞ւ հենց քովիդի համավարակի ժամանակ որոշեցիք զբաղուել նկարչութեամբ։
Համավարակի ժամանակ ստիպուած էինք տանը մնալ, և քանի որ զբաղմունք չկար, մի օր որոշեցի վերցնել թոռնիկներիս գուաշները և փորձել նկարել։ Այդպէս ծնուեցին իմ առաջին աշխատանքները, որոնք արտա-ցոլում էին Հայաստանի, մասնաւորապէս իմ ծննդավայր Ալավերդու գեղեցիկ բնութիւնը։ Մինչ օրս էլ նախընտ-րում եմ նկարել գուաշով, իւղաներկի փայլն ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Նկարելիս մատիտ չեմ օգտագործում, էսքիզներն էլ ներկերով եմ անում։ Նկարչութիւնն ինձ համար համաչափութիւն չէ, նկարում եմ այն, ինչ տեսնում եմ՝ համադրելով գոյները։
Յիշո՞ւմ եք Ձեր առաջին կտաւը։
Այո՛, իհարկէ։ Առաջին կտաւը նկարելիս ոգեշնչուել եմ սարեանական գոյներով․ արտանկարել եմ մեծ նկարչի բնապատկերներից մէկը։ Երբ վերցնում եմ վրձինը, աչքիս առաջ միայն գոյներ են գալիս, խառնում եմ դրանք այնքան, մինչև ստանամ իմ սրտի ուզածը, իմ հոգուն հարազատ գոյները։
Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբիւրը, ի՞նչն է Ձեզ ստիպում նկարել։
Բնութիւնը։ Բնութեանը նայում եմ որպէս կենդանի օրգանզիմ, սիրում եմ զբօսնել և խօսել բնութեան հետ։ Մանկութիւնս անցել է Լոռու մարզի Ալավերդի քաղա-քում։ Քաղաքի գետափնեայ հատուածներում քայլելիս զմայլւում էի բնապատկերներով ու պատկերացնում՝ ինչպէս կարող եմ Լոռուայ գեղեցիկ պատկերները թղթին յանձնել։ Լոռուայ բնութիւնը շատ եմ նմանեցնում Շուեյցարիայի բնութեանը, որը նոյնպէս իմ ներշնչման աղբիւրներից է։ Վերջին իմ նկարներում շատ եմ պատկերել Շուեյցարիայի բնութիւնն՝ իր ողջ հմայքով։
Ինչպէ՞ս է արուեստը փոխել Ձեր կեանքը։
Արուեստն իմ կեանքը աւելի լաւն է դարձրել։ Արուեստի միջոցով կեանքին աւելի թեթև եմ նայում, փորձում եմ լինել լաւատես, հանդուրժող, ապրում եմ իմ գոյների մէջ, իմ աշխարհում։ Քովիդի համավարակը ցոյց տուեց, որ ցանկացած դժուարին իրավիճակում մարդ պէտք է գտնի իր ներքին խաղաղութիւնն ու ներդաշնակութիւնը, երբեք չկորցնի հաւատը ապագայի նկատմամբ և շարունակի ապրել դրական էներգիայով։ Իմ կարգա-խօսն է դարձել՝ «լաւ է ուշ, քան ուշացած» խօսքը։
Ո՞րն է Ձեր խորհուրդն այն մարդկանց, որոնք յատկապէս աւելի մեծ տարիքում վախենում են նոր նախաձեռնութիւններից։
Պէտք է սիրել կեանքը, շարժուել առաջ՝ դէպի նպատակների իրականացում, չընկճուել և չվախենալ քննադատութիւններից։ Տարիքը միայն թիւ չէ, հասու-նութիւն է, ուստի պէտք է գիտակցել, որ նոր մտքերը, գաղափարներն ու նախաձեռնութիւնները պիտի կեանքի կոչել անմիջապէս, երբ դրանք առաջանում են քո մէջ, քանզի կարող ենք յետ մնալ ամենազօր ժամանակից։ Համօ Սահեանից լաւ ոչ ոք դա չի ասել․
Առ քեզ թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում։
Յուշերից որքան հեռու եմ կենում,
Մէկ է, կապում են թևերս նրանք։
Ստեղծագործական 5-6 տարիների ընթացքում ԳաԼենն (Լենա Գալստյան) անհատական մի քանի ցուցահանդէս է ունեցել։ Առաջին ցուցահանդէսը նրա ծննդավայր Ալավերդի քաղաքում է եղել, որին յաջորդել են Գիւմրիի և Երևանի ցուցահանդէսները։ Լենա Գալստյանը շատ է ուզում ցուցահանդէս ունենալ նաև Ժնևում և հաւատում է, որ դա էլ, իր նկարելու անյագ ցանկութեան պէս, մի օր իրականութիւն է դառնալու։


